Այսօր՝ 2023-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ՄԵԴԻԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. քաոսից դեպի կարգավորում

 
Պատկերը՝ Using Social Media and Business Disputes

Նախաբան

Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում լրագրության կարևորությունը գնահատողների համար առաջնահերթ է գտնել ուղիներն ու վերադառնալ լրագրության հիմքերին։

Կարևոր է հետահայաց գնահատել հանրության համար կարևոր տեղեկությունների, մեկնաբանությունների ու վերլուծությունների տարածման ազատության անցած ուղին։

Մարդկանց հետ խոսքի, գրի միջոցով հաղորդակցման երկարուձիգ ճանապարհների (թարգմանիչների արտագրածների ու աղբյուրների համապատասխանության) հարցը հայկական իրականության մեջ գլխավորներից է եղել դարեր շարունակ։ Թերևս այն պատճառով, որ, ինչպես հայերս ենք սիրում կրկնել, մենք ստիպված ենք ժամանակի անակնկալներին ի պատասխան ընտրել գոյապահպան ճանապարհ ու միշտ այդ պատճառով կլանում ենք ամեն նորը։ Շատ դեպքերում անգամ չփորձելով հասնել այդ նորի ակունքներին։

Բոլորովին այլ հարց է, որ դեռ այն ժամանակ, երբ նորը կլանելու կարիք չկար, հայերից յուրաքանչյուրը յուրովի էր արտագրում անգամ հոգևոր նախնյաց աղոթքներից հետո բյուրեղացած մտքերը՝ հաջորդ սերնդին փոխանցելու համար։

Բայց, ահա, հարցը չլուծվեց նաև արտագրության հաջորդ փուլում․ տպագրության գյուտից հետո էլ հոգևոր ու պետական շրջանակներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ հայկական իրականության մեջ հանգիստ չառան․ կանոններ ու իրավունքների շնորհման կարգեր մշակեցին տպագրության համար։ Հավելյալ բարդություններ ստեղծելու հիմքում գլխավոր հարցերը նույնն էին և են՝ ի՞նչ հրապարակել, ե՞րբ և ինչպե՞ս, ո՞ր կանոններով։

Կողմնորոշման հարցում նշանակալի դեր միշտ ունեցել են պետությունները։ Հետադեմ-բռնապետական երկրներում շարունակ արգելվում էր անգամ տպագրությունը։ Մինչդեռ առաջատար աշխարհում քննարկվում էր խոսքի ազատության սահմանափակումները վերացնելու հարցը։

Դեռ 16-րդ դարից էր սա Արևմտյան Եվրոպայում առաջնահերթ։

18-րդ դարի թերթերի տպագրության ազատության հարցից մինչև 20-րդ դարի հեռարձակող լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության հարցը քննարկման տարբեր աստիճաններ ունենալուց բացի նաև մոտեցումների տարբեր շերտեր դրսևորեց աշխարհի բոլոր անկյուններում։

Քաղաքական-տնտեսական համընդհանուր մոդելների վերափոխումների պայմաններում մեդիա դաշտում նոր ու համարժեք կանոններ սահմանելն անխուսափելի անհրաժեշտություն է։

Տեխնոլոգիաների շատ արագ փոփոխությունների ժամանակներում մեդիան իր արժանապատիվ դիրքերում կարող է մնալ միայն ու միայն մասնագիտական բարձր չափանիշների թելադրանքով։ Դրա համար, սակայն, նախ պետք է հանրությանը բովանդակություն մատուցող մասնագիտական կուռ համայնքի ձևավորում ու հարցերի կարգավորման ճիշտ ճանապարհի ընտրություն։

Կարգավորո՞ւմ, թե՞ ինքնակարգավորում

Եթե պետությունն է կարգավորում լրագրողների գործունեության դաշտը, ապա լրագրողները ստիպված են ենթարկվել պետության կանոններին․ կարծրացած ու բռնապետական կամ թերի ժողովրդավարական պետության դեպքում լրագրողները ստիպված են ենթարկվել պետության մշակած խաղի բոլոր կանոններին՝ սահմանափակելով լրատվության ազատությունը, հետևաբար՝ որակը, ներքաշվելով դատական քաշքշուկների մեջ ու ժամանակի անտեղի կորստից բացի քամուն տալով նաև միջոցները, իսպառ ջնջելով լրագրողական անձնվեր գործունեության մոտիվացիան։

Ժողովրդավարական պետությունների ճանապարհն ընտրած երկրներում մեդիայի ինքնակարգավորման կամ համակարգավորման տարբերակի ընտրությունն օգտակար է բոլորի համար, եթե կա համընդհանուր ըմբռնում լրատվամիջոց-հանրություն-պետություն շղթայի վերաբերյալ։

Միայն չկայացած մեդիադաշտի ներկայացուցիչները կարող են այս շղթան ընկալել որպես պետական պաշտոնյաների կամակատարը լինելու պայման։ Ազատ լրագրողների ու լրատվամիջոցների համար պետության ու լրատվամիջոցի շահը բացարձակապես նույնն է։ Որքան կայացած է երկրի լրատվական դաշտը, նույնքան կայացած լինելու պայման է ապահովվում պետության համար։ Սակայն կա մի շատ կարևոր հարց․ երբ անհատն իրեն պատասխանատու չի զգում պետության կայացման հարցում, հանրությունից որևէ բան ակնկալելն անիմաստ է։ Բայց, միևնույն ժամանակ, եթե կան պայմանականությունների մեջ չտարալուծված, սեփական նեղ շահերով չկաշկանդված լրագրողներից կազմված համայնքներ, խմբեր, իհարկե՝ անհատներ, ապա հնարավոր է այստեղից սկսելով՝ հասնել անկախ ու արժանապատիվ մեդիադաշտի, հետևաբար՝ կայացած պետության վիճակի։

Դեռ հին քաղաքակրթությունների ժամանակներում մարդիկ հասկացել են, որ բոլորի խնդիրը լուծելու համար կարևոր է միասնաբար ու իրենց առանձին կարծիքներով հավաքվել բոլորի համար ընդհանուր տիրույթում։ Այլ խոսքով, լրագրողի մասնագիտությունն ընտրած ու իսկապես լրագրող մնացածների համար դեռ կա հնարավորություն՝ համատեղ ուժերով ազնվորեն որոշել լրատվական գործունեության՝ ներկա ժամանակի համար առավել կարևոր սկզբունքներն ու պետությանը թելադրել հրատապ անելիքները։

(շարունակելի)

ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ